Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակին ընդառաջ, այսօր Գյումրիի երկաթուղային կայարանում գյումրեցի երկաթուղայիններին նվիրված հուշատախտակ բացվեց: Հուշատախտակը Մեծ հայրենականին մասնակցած և նահատակված Մկրտիչ Մինասյանի ընտանիքի կողմից էր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, գյումրեցի պատգամավորներ:
Tert.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Հայրենական մեծ պատերազմում նահատակված Մկրտիչ Մինասյանի թոռը՝ Արա Մինասյանը, ասաց, թե շատ կարևոր է, որ Հաղթանակի օրը հիշեն նաև գյումրեցի երկաթուղայիններին:
«Հուշաքարը նվիրվում է և՛ պատերազմի մասնակից երկաթուղայիններին, և՛ զոհվածներին»,-նշեց Արա Մինասյանը՝ ավելացնելով. «Ասում են, թե զոհված երկաթուղայինների թիվը մոտ 100 է, ճիշտ թիվը հստակ չգիտեն, արխիվային փաստաթղթերը լիարժեք չեն, իսկ մասնակիցները հարյուրավորներ են»:
Հուշատախտակի բացման ընթացքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ Արա Մինասյանի նախաձեռնությունն է եղել հուշատախտակի բացումը:
«Մի անգամ պարոն Մինասյանն ասաց, թե հետաքրքիր միտք ունի. քանի որ իր պապը՝ Մկրտիչ Մինասյանը, երկար տարիներ աշխատել է երկաթուղայինների հետ, ցանկություն ունի երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշատախտակ բացել: Բնականաբար, միտքը ողջունելի էր, և հիմա յուրաքանչյուր մարդ, ով մտնելու է երկաթգծի կայարան, անպայման մոտենալու է այս հուշաքարին: Շնորհակալություն եմ հայտնում Մինասյանների ընտանիքին, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկան Գյումրի քաղաքում»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը:
Միջոցառմանը ներկա Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, թե հայ ժողովուրդը Ցեղասպանությունից ընդամենը երկուսուկես տասնամյակ անց, իր բնակչության շուրջ 25 տոկոսին գործուղեց ռազմաճակատ՝ իր մասնակցությունը բերելու հայրենիքին ուղղված այդ վտանգի սպառնալիքի չեզոքացմանը:
«Հայրենական մեծ պատերազմի կրած հաղթանակում իրենց անուրանալի նշանակությունն են ունեցել նաև գյումրեցի երկաթուղայինները, նրանց թվում նաև՝ պարոն Մկրտիչ Մինասյանը, ով 1943 թվականին զոհ է գնացել Յալթայում տեղի ունեցող պատերազմական գործողություններին: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր վետերանների հիշատակի ու նաև իրենց կենդանի ներկայության առաջ, ովքեր իրենց կյանքը դրել են այդ ընդհանուր սպառնալիքի չեզոքացման գործում»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Պատերազմում զոհված երկաթուղային Մկրտիչ Մինասյանի թոռան որդին էլ՝ Միքայել Մինասյանը, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց. «Պապիկիս հայրն արմատներով Կարսից է: Գաղթել, եկել է Գյումրի։ Եղել է երկաթուղային, դժվար օրեր ապրելով, որպես կամավոր 1941 թվականին մեկնել է մարտի դաշտ և պատիվը բարձր պահելով այնտեղ զոհվել է: Կարծում եմ, որ այս առիթը լավ հնարավորություն է միշտ հիշելու և՛ պատերազմի զոհերին, և՛ այն մարդանց, ովքեր իրենց մասնագիտական ներդրումն են ունեցել պատերազմի հետ առնչվող ու չառնչվող ոլորտներում»:
Նա ասաց նաև, որ իրենց ընտանիքը սերտ կապված է Գյումրիի հետ. «Ամեն առիթ բաց չենք թողնում այստեղ գտնվելու համար, և մեր ընտանիքի հետագա սերունդները ևս պետք է այդ կապը պահպանեն: Այս հուշաքարի տեղադրման գաղափարը միշտ կար, այն պետք էր զարգացնել, զարգացման պրոցեսը երկար տևեց: Երկար մտորումներից հետո որոշվեց այս ձևով պատվել երկաթուղայիններին»,- ասաց Միքայել Մինասյանը: