Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մեկնաբանություն է հրապարակել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության հայտարարության վերաբերյալ:
«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության «խորհուրդները» ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ Օղլիի գործունեության մասին ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունների առնչությամբ հերթական անգամ ապացուցում են նախարարի խոսքերի արդարացիությունը:
Ուրիշ ինչ գնահատական կարելի է տալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է «Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որում նա ինքը` հրացանը ձեռքին, պատրաստ է պայքարել և օրինակ ծառայել Ռուսաստանում բնակվող մյուս ադրբեջանցիների համար», կամ այն դեպքում, երբ նա ասում է, որ «ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումն ապացուցել է իր անօգտակարությունը, այդ պատճառով էլ միակ լուծումը մնում է ռազմական ճանապարհը»:
Ինչ վերաբերում է նախարարին ուղղված, այսպես կոչված, «առաջարկներին» իր ենթակաների հետ կապված, իսկապես ցանկացած պարագայում դիվանագիտական էթիկան պահպանելը հիմնական պահանջներից մեկն է: Դիվանագետների առաջադրանքը խաղաղությանը նպաստելն է և ոչ թե պատերազմ քարոզելն ու ազգամիջյանն ատելություն հրահրելը, հատկապես մի երկրում, որտեղ շատ հայեր և ադրբեջանցիներ են ապրում: Դա է Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարության էությունը», - ասվում է ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: