Հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող IPSC ընկերության վերլուծաբան, սոց.գ.թ. Սամվել Մանուկյանը Երջանկության միջազգային օրվա առթիվ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է այսպես կոչված հայկական երջանկությանը, որը սոցիոլոգը բնորոշում է «կյանքի որակ» տերմինով` համարելով, որ երջանկության ինդեքսը մի փոքր սուբյեկտիվ և գնահատականների ընկալման առումով կարող է տարբեր ընկալումներ առաջացնել: Ըստ նրա` IPSC հետազոտությունների արդյունքներով` ՀՀ-ում կյանքի որակի ինդեքսն ամենաբարձրն է համայնքային ենթակառուցվածքների ոլորտում։
- 2016–ին ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան (մարտի 20-ին) ընդառաջ հրապարակված աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակով` 157 երկրների շարքում ցանկում երջանկության աստիճանով Հայաստանը վերջին շարքերում է՝ 121-րդ հորիզոնականում: Այս ցուցանիշի վերաբերյալ կա՞ն Ձեր սեփական հետազոտությունները, եթե, այո, ապա անկախությունից ի վեր, տարեցտարի երջանիկ լինելու առումով հետընթա՞ց, թե առաջընթաց է գրանցվել, թեկուզ աննշան:
-IPSC ընկերությունը 2010 թվականից գնահատում է Հայաստանի հասարակությունում «կյանքի որակը», որն իր բովանդակությամբ մոտ է հրապարակվող երջանկության ինդեքսին: Մենք կառուցում ենք ոչ թե 1, այլ 3 ինդեքսներ: Առաջինը՝ կյանքի որակը անձնական կամ ընտանեկան մակարդակում, որը ցույց է տալիս մարդկանց բավարարվածության աստիճանը իր կյանքի տարբեր պայմաններից: Երկրորդը՝ կյանքի որակը համայնքային մակարդակում, որը ցույց է տալիս, թե որքանով են մարդիկ բավարարված իրենց համայնքում ենթակառուցվածքների ծառայություններից՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, ճանապարհներ, ինտերնետ և այլն: Երրորդը ցույց է տալիս, թե որքանով են մարդիկ բավարարված հանրապետությունում ընդհանուր վիճակից: Այդ ինդեքսները գտնվում են 0-100 միջակայքում, որտեղ 0-ն հնարավոր ամենացածր գնահատականն է, իսկ 100-ը՝ հնարավոր ամենաբարձր աստիճանը:
Մեր հետազոտությունների արդյունքներով Հայաստանում կյանքի որակի ինդեքսն ամենաբարձրն է համայնքային ենթակառուցվածքների ոլորտում: Ընդ որում 2014թ.-ին 2013թ. համեմատ այն աճել է և հասել 65.4-ի :
Փաստորեն 50 միավորի սահմանին է գտնվում կյանքի որակը ընտանիքի մակարդակում: Այն 2012-2014 թվականների ընթացքում մի փոքր աճել է:
Ամենից ցածրն է մարդկանց կողմից կյանքի որակի ընկալումը հանրապետական մակարդակում: Ընդ որում` այն 2012թ.-ին ունեցել է մոտ 40 արժեք, նվազել է 2013-ին և 2014-ին համարյա չի փոխվել ունենալով 35.5 արժեք:
– Որքան տեղյակ եմ` ամենաերջանիկ երկրների ինդեքսը կազմելիս մասնագետները հաշվի են առնում երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը և այլ բազում չափանիշներ, կյանքի որակ, բարեկեցություն, անձնական երջանկություն: Կա՞ ընդհանրապես նման բանաձև և մասնավորապես, հայերի համար, այսպես ասած` հայկական երջանկության բանաձև:
- Երջանկության ինդեքսի, կյանքի որակի ինդեքսի և համանման այլ ինդեքսների հաշվարկներում կան տարբեր մոտեցումներ: Այդ ինդեքսներում մի կողմից ընդգրկվում են մարդու սուբյեկտիվ բավարարվածությունը կյանքի որակի կամ «երջանկությունը» կազմավորող այս կամ այն բաղադրիչից, իսկ մյուս կողմից, ներառվում են նաև կյանքի որակը նկարագրող օբյեկտիվ ցուցանիշներ: Համեմատական հետազոտություններում, երբ ուսումնասիրվում են մի քանի տասնյակ երկրներ որպես օբյեկտիվ ցուցանիշներ ներառվում են նաև մակրոտնտեսական, ինչպես նաև կյանքի տարբեր ոլորտների ընդհանրացված ցուցանիշներ:
Մեր հետազոտությունն ուղղված է հատկապես Հայաստանի հասարակությունում կյանքի որակի ուսումնասիրությանը՝ հաշվի առնելով մեր հասարակության յուրահատկությունները: Այն նախատեսված չէ միջազգային համեմատությունների համար: Այդ պատճառով մակրոտնտեսական ցուցանիշներն այդ ինդեքսներում ներառված չեն: Դրանք վերլուծությունների ընթացքում կիրառվում են որպես կառուցված և գնահատված ինդեքսները և դրանց փոփոխությունը բացատրող գործոններ:
Մեր հետազոտություններում կյանքի որակի ինդեքսների կառուցմանը զուգահեռ կատարվում է մարդու կյանքը, կենցաղը, աշխատանքը և ժամանցը նկարագրող օբյեկտիվ ցուցանիշների գնահատում և ուսումնասիրություն, ինչը թույլ է տալիս կառուցել մոդելներ՝ բացատրելու համար կյանքի որակի սուբյեկտիվ ընկալումները մարդու կյանքի օբյեկտիվ պայմաններից:
Եթե անդրադառնանք մեր հետազոտություններում գնահատված կյանքի որակի տարբեր ոլորտներից սուբյեկտիվ բավարարվածությանը, ապա Հայաստանում մարդկանց բավարարվածությունն ամենաբարձրն է իրենց ընտանիքների անվտանգությամբ, ընտանիքում ժամանակ անցկացնելու հնարավորություններով, իրենց հասարակական դիրքով, իրենց ստացած կրթությամբ: Իսկ ամենից ցածրն է բավարարվածությունը տարվա ընթացքում հանգստանալու հնարավորությամբ և համայնքի հարցերի լուծմանը մասնակցելու իրենց հնարավորություններով:
– Եթե այո, ապա ինչով է հայկական երջանկության բանաձև տարբերվում օրինակ` եվրոպականից կամ ռուսականից:
– Մենք համեմատական հետազոտություններ դեռևս չենք կատարում: Այդ հնարավորության առաջացման պարագայում Ձեր հարցը կստանա իր պատասխանը:
- ՀՀ-ում կյանքի որակ հասկացության մեջ ինչ հիմնական չափանիշներ են մտնում:
-Մեր հետազոտություններում «կյանքի որակ» հասկացության մեջ մենք ներառում և գնահատում ենք ոչ միայն մարդկանց սուբյեկտիվ բավարարվածությունը կամ անբավարարվածությունը տարբեր ոլորտներում, այլև բավական շատ օբյեկտիվ բաղադրիչներ, մասնավորապես՝ մարդու բնակարանային պայմանները, կենցաղային հարմարություններ ստեղծող գույքի առկայությունը, անշարժ և շարժական գույքը, սնունդը, աշխատանքի առկայությունը և աշխատանքային պայմանները, եկամուտները, առողջությունը, դրա պահպանման հնարավորությունները, ստացած կրթությունը, դրա կատարելագործման հնարավորությունները, մարդու շրջակա միջավայրը՝ օդի, հողի, ջրի մաքրությունը, աղմուկի բացակայությունը, կանաչ տարածքների առկայությունը, ազատ ժամանցի հնարավորությունն ու բազմազանությունը, հանգստի հնարավորությունն ու բազմազանությունը, մարդու անձի ու նրա ընտանիքի պաշտպանվածությունն ու դրա զգացողությունը, հասարակության պաշտպանվածության զգացողությունը անկարգություններից ու հակա-սոցիալական երևույթների բացակայությունը, հասարակության պաշտպանվածությունը պատերազմի վտանգից ու դրա զգացողությունը, իր բնակության վայրի և հասարակական խնդիրների լուծմանը մասնակցելու հնարավորությունը և այլն:
-Կարող եք ձեր հետազոտությունների հիման վրա դասակարգել ՀՀ-ում ամենաերջանիկներին ու ամենադժբախտներին` ըստ տարիքային խմբերի, շրջաններում բնակվելու,/մարզերի/ կրթական ցենզի, սեռի երջանիկների:
–Արդեն ասացի, որ մենք չափում ենք ոչ թե «երջանկությունն» ու «դժբախտությունը», այլ կյանքի որակի բաղադրիչները: Այդ տեսակետից, մեր տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում կյանքի որակն ամենաբարձրն է ֆինանսական ամենաբարեկեցիկ շերտում (անձի/ընտանիքի մակարդակում 2014թ.-ին ինդեքսի արժեքն էր 62.2), նրանց հետևում են 18-29 տարեկան երիտասարդները (57.4), հետո՝ բարձրագույն կրթությամբ անձինք (54.2): Նույն այդ տեսակետից, կյանքի որակն ամենից ցածրն է աղքատ բնակչության շերտում (43.5), որոնց հետևում է 46-60 տարեկանների շերտը (45.4) և 60-ից ավելի տարիքի բնակչության շրջանում (47.4):
IPSC ընկերությունը շուտով կավարտի «Հայաստանում Կյանքի որակի հետազոտություն 2015»-ը, որը իրենից ներկայացնելու է Կյանքի որակը Հայաստանում 2015թ. դեկտեմբերի դրությամբ և այդ ժամանակ կկարողանանք խոսել նաև 2015թ տվյալները հաշվի առնելով: