ՊԵԿ-ը պիտի բարի լինի իր գործառույթները բարեխիղճ, օրենքին համապատասխան իրականացնել, իրենց ուսումնասիրությունների, ստուգումների արդյունքում միայն պարզ կլինի «Առինջ մոլ»-ում կատարվող գործողություններում քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ ՊԵԿ-ի հայտարարությանը, որում հորդորում է զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից: Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ ՊԵԿ-ը ոչ համաչափ վարչարարություն է իրականացնում:
«20-30 հոգով սևազգեստ ոստիկանները մտնում են, անհանգստություն են պատճառում հանուն ինչի՞: Այնտեղ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ չեն, օրվա հացը վաստակող մարդիկ են: Թող ավարտեն, կտեսնենք՝ քաղաքական էր, թե ոչ: Հիմա ոչ բացառում եմ, ոչ պնդում: Բայց մի տեսակ, կարծես, պատմությունը կրկնվում է, ՀՀԿ-ի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք էլ այդպիսի բան եղավ, երբ մենք քաղաքական սրացումների գնացինք, անմիջապես «Առինջ մոլը» հայտնվեց ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: Ես պարզապես այդ ցուցումը տվողին, անկախ նրանից ինքը ով է, կոչ եմ անում պահպանել արդարության, հավասարության սկզբունքը, չի կարելի մենակ «Առինջ մոլ»-ը հիշել, շատ օբյեկտներ կան այսօր, որոնք շատ ավելի մեծ հետարքրքություն կարող են ներկայացնել, թե ինչու են «Առինջ մոլ» գնում, սա էլ թողնում են հանրության դատին»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն քաղաքականության մեջ խոցելի չե՞ն՝ հաշվի առնելով Ծառուկյանի գործարար լինելու հանգամանքը, Գևորգ Պետրոսյանն ասաց.
«Ո´չ ԲՀԿ-ն, ո´չ էլ Գագիկ Ծառուկյանը խոցելի չեն, խոցելի կլինի, եթե իր գործունեությունը ծավալի օրենքի խախտումներով, բայց շատ լավ գիտեք, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ 2015 թ., երբ հիմնական գրոհն իրականացվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, անգամ այդ ժամանակ ստուգումները արդյունք չտվեցին, էական ոչինչ չհայտնաբերեցին: Ինչ վերաբերում է քաղաքական առումով խոցելի լինելուն, ապա այսօր ԲՀԿ-ն կուռ թիմ է, և բոլորս միասին մեր ղեկավարի կողքին ենք: Եվ այսօրվա իշխանությունը պետք է մի պարզ հանգամանք հաշվի առնի, ինչպես ինքն է զբաղվում նախկին իշխանությունների գործերով, վաղը, մյուս օրը մյուս իշխանությունները զբաղվելու են իրանց գործերով, դրա համար ցանկացած իշխանավոր, ով այս պահին, իր կարծիքով, ունի ամեն ինչի իրավունք, պետք է ուշադիր լինի, որ հանկարծ վաղը չպարզվի, որ չունի ոչնչի իրավունք»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որում նշված էր.
«ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից»: