Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյին և Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել այսօր դոպինգ-թեստ հանձնել: Բռնցքամարտիկը քաղաքական գործիչներին առաջարկել է անալիզներ հանձնել Ինքնակամ հակադոպինգային ասոցիացիայի՝ VADA-ի ներկայացուցիչներին, որոնք ժամանել են Կիև: Այս մասին հայտնում է news.liga.net-ը:
«Նախագահի թեկնածուներին առաջարկում եմ այսօր ժամանել «Օլիմպիական» մարզադաշտ և Ուկրաինայի ժամանակով ժամը 15:00-18:00-ն ընկած հատվածում ինքնակամ դոպինգ-թեստեր հանձնել»,- ասել է Կլիչկոն՝ կասկածի տակ առնելով ապրիլի 5-ին Պորոշենկոյի և Զելենսկիի հանձնած անալիզների արդյունքները, որոնք բացասական էին:
Բռնցքամարտիկը կարծում է, որ արգելված խթանիչների հայտնաբերման գործընթացը տևում է նվազագույնը 48 ժամ:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Զելենսկին Պորոշենկոյին «Օլիմպիական» մարզադաշտում հանրության առաջ բանավեճ անցկացնելու առաջարկ էր արել՝ պայման դնելով, որ բանավեճից առաջ նախագահական մրցապայքարի մասնակիցները պետք է ալկոհոլի և թմրանյութերի թեստ հանձնեն:
Պորոշենկոյի շտաբից նախ հայտարարել էին, որ նման պահանջը խախտում է սահմանված կարգը, սակայն ավելի ուշ Ուկրաինայի գործող նախագահն ընդունել էր մարտահրավերը: Արդյունքում երկու թեկնածուներն էլ արյան անալիզ էին հանձնել: