Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը ներկայացրել է նոր Airbus A350 ինքնաթիռի խցիկները, գրում է Daily Mail-ը:
Ինքնաթիռի «բիզնես» կարգում հայտնվել է «Լոֆթ» կոչվող «շփման տարածք», որտեղ ուղևորները կարող են հավաքվել և զրույցի բռնվել, ինչպես նաև ընկերների հետ խմել կամ ընթրել:
Ինքնաթիռի այդ հատվածում տեղադրվել են հարմարավետ բազմոցներ և 32 դյույմ անկյունագծով էկրաններ, որոնցով ուղևորները թռիչքի տեսագրությունը կամ պարզապես ֆիլմեր դիտելու հնարավորություն կստանան, բացի այդ՝ այս խցիկում կգործի բար, որտեղ ուղևորները կկարողանան տարբեր տեսակի խմիչքներ համտեսել:
Ինքնաթիռների «պրեմիում» և «էկոնոմ» կարգերը նույնպես փոփոխություններ են կրել, մասնավորապես՝ «պրեմիում» կարգի ուղևորների ուղեբեռների տարածքն ընդարձակվել է, իսկ «էկոնոմ» կարգի ուղևորների նստատեղերի վերին հատվածները ճկուն են դարձել, նստատեղերը պատվել են նոր «շքեղ կտորներով»:
Ավիաընկերությունը A350 ինքնաթիռի առաջին թռիչքը՝ Լոնդոնից Նյու Յորք, կիրականացնի օգոստոսին:
Հայտնի է, որ Virgin Atlantic-ն ընդհանուր առմամբ 12 հատ Airbus A350 ինքնաթիռ է պատվիրել, որոնք աստիճանաբար կշահագործվեն մինչև 2021թ.-ը, իսկ ինքնաթիռների ընդհանուր արժեքը 4,4 մլրդ դոլար է կազմել: