Դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ճնշումների մասին չեն ահազանգել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձրաձայնում են դատարանների ճնշումների մասին:
«Մենք որոշում ենք կայացել և պարբերաբար մեր հանդիպումների ժամանակ դատավորներին հիշեցնում ենք, որ եթե որևէ նման իրավիճակ լինի, անպայման տեղյակ պահեն ԲԴԽ-ին: Նախազգուշացնում ենք, որ եթե նրանք տեղյակ չեն պահում, ապա հնարավոր է նրանց նկատմամբ կարգապահական վարույթ կիրառվի: Մինչ այժմ նման հարցադրում չի եղել»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ վերջերս եղավ մեկ հարցադրում մամուլում՝ կապված քաղաքի դատարանի նախագահի և վերաքննիչ դատարանի հեռախոսային զրույցի հետ, այդ հարցով քաղաքի դատարանի նախագահը դիմեց իրավապահ մարմիններին. այժմ գործ է հարուցված:
«Եթե նման բան լինի, կարգապահական վարույթ կլինի: Մենք արդեն վեց կարգապահական վարույթ ենք ունեցել այս վերջին հինգ ամիսների ընթացքում՝ ընդհուպ դատավորի լիազորությունների դադարման ելքով: Այժմ նախապատրաստում ենք քննության ևս երեքը: Այսինքն՝ ինը կարգապահական վարույթ այս գրեթե կես տարվա ընթացքում: Մեզ մոտ կան տարբեր որակի և մտայնության դատավորներ: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք թացը չորից առանձնացնել, ստեղծել մեխանիզմ, որ հնարավոր սուբյեկտիվ նկրտումների դաշտ չլինի և կարողանանք օբյեկտիվ պատկերն ունենալ, խրախուսենք բարեխիղճ դատավորներին, իսկ նրանք, ովքեր նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ կտան, փորձենք ինչ-որ ձևով համապատասխան ռեակցիա ունենալ»,- ասաց նա:
Գագիկ Հարությունյանը բարձրաձայնեց այլ խնդիրների մասին: «Մենք հիմա 11 դատավորի թափուր տեղ ունենք և չենք կարողանում այդ տեղերը լրացնել: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ երբ նախկինում պլանավորել են թափուր տեղերի համար կադրերի պատրաստում, սխալ մեկնակետ են ունեցել: Երբ մենք ուսումնասիրեցինք, պարզվեց, որ թոշակի գնացողները թափուր տեղերի առաջացման ընդամենը 45 տոկոսի պատճառ են դառնում»,- նշեց նա:
Հարությունյանը տեղեկացրեց, որ թափուր տեղերը լրացնելու համար պետք է կազմակերպենք դիմողների ուսուցում և դրանից առնվազն վեց ամիս հետո նոր կկարողանանք այդ թափուր տեղերը լրացնել: «Կան խնդիրներ, որոնք այսօր վարչապետի հետ քննարկեցինք՝ առաջին հերթին պայմանավորված աշխատավարձով: Ես տվյալներ տրամադրեցի և՛ վարչապետին, և՛ արդարադատության նախարարին, այն մասին, որ ամբողջ Եվրախորհրդի անդամ երկրների շարքում Հայաստանը դատավորների աշխատավարձով վերջին տեղում է, ընդ որում՝ նույնիսկ տարածաշրջանային երկրներից մի քանի անգամ ցածր է»,-նշեց նա:
Հարցին՝ այդ պատճառո՞վ է, որ առ այսօր դատավորները կաշառք են վերցնում, նաև վերջերս նման դեպք տեղի ունեցավ ի դեմս Գագիկ Հեբոյանի, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում անձնապես անդրադառնալ մեկին, քանի որ դատաքննություն է գնում: Ես չեմ բացառում, որ նման երևույթները հնարավոր է էլի լինեն, բայց դրանք ջրի երես են դուրս գալու»:
Ամալյա Առաքելյան